Հինգ տարի առաջ Ղազախստանի կառավարությունը մեկ միլիոն դոլարի չափ գումար է հատկացրել Հառիճին՝ գրադարանի պատուհաններն են փոխել, մանկապարտեզն են վերանորոգել ու երախտագիտությունից դեպի Հառիճավանք տանող փողոցին տվել են Նուրսուլթան Նազարբաևի անունը, գրադարանում Ղազախստանի անկյուն են բացել՝ նկարներով, գրքերով, պատմությունով: Իսկ հիմա Նազարբաևին «վտարել են»:
Գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը և ամբողջ համայնքը որոշել են, որ նա գյուղում «անելիք չունի»: Սա գուցե փոքր, բայց ամենաարդար, չկազմակերպված ու անկեղծ պատասխանն է, որ Հայաստանը տվել է Ղազախստանի նախագահի հակահայկական հայտարարություններին ու քայլերին:
Շփման գծում քառօրյա գործողությունները ցույց տվեցին Նազարբաևի ով լինելը, և Հառիճը որոշեց իր քայլն անել: «Հառիճեցիների և մեր ավագանու որոշմամբ, Նազարբաև փողոցը Հառիճից հանեցինք, որովհետև ամբողջ հանրապետության մեջ միայն Հառիճում նրա անվան փողոց կար։ Նազարբաևը, ասում է՝ մեզ բարեկամ է, բայց հայտարարում է՝ «հայ ազգը սպանում է մեր եղբայրներին»։
Ուրեմն՝ թուրքերն իրենց եղբա՞յրն են, իսկ հայերը պետք է լինեն իրենց թշնամի՞ն։ Դրա համար փողոցն այլևս գոյություն չունի»՝ ասել է Ռոլանդ Նազարեթյանը «Ազատության» լրագրողին: Նազարբաևն էր, որ ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետերի նիստը տեղափոխեց Մոսկվա, Ստամբուլում էլ մասնակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որն իր ամփոփիչ փաստաթղթում ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների համար մեղադրեց Հայաստանին՝ դատապարտելով «հայկական զինված ուժերի շարունակական հարձակումները Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում», և աջակցությունը հայտնեց Ադրբեջանին՝ պահանջելով «Հայաստանի զինված ուժերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ու Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»։
Իսկապես՝ կյանքը ցույց տվեց, որ պետք չէ եղբայր ձևանանք, երբ «եղբայրը» թշնամու հետ է եղբայրացած՝ սա հառիճեցիների կարծիքով: Հավելեմ, որ նրանց բողոքից հետո գյուղապետը զանգել է Շիրակի մարզպետարան, ներկայացրել գյուղացիների պահանջը, ասել են՝ ձեր որոշելիքն է: Դրանից հետո են գյուղապետն ու գյուղացիները գործի անցել: Զարմանալի է, բայց Հայաստանում դեսպան չունեցող Ղազախստանի դեսպանատունն անմիջապես տեղեկացել ու տեղեկացրել է Աստանային: Ղազախստանի կառավարությունից զանգել են Հառիճի գյուղապետին ու բացատրություն պահանջել: Նա էլ ասել է, որ ժողովրդի պահանջն է կատարել՝ հաշվի առնելով Նազարբաևի թշնամական վերաբերմունքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքի՞ր է՝ Հայաստանում կա՞ Լուկաշենկոյի անվան փողոց: Գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանն ասել է, որ Հառիճի գլխավոր փողոցը վերանվանելու մի քանի տարբերակներ կան, համայնքի պահանջով ավագանին կորոշի՝ Գրիգոր Լուսավորիչ, Արցախյան, կամ Ավետիք Իսահակյան: Հառիճեցի չեմ, բայց շատ կուզեի, որ շփման գծում զոհված զինվորներից մեկնումեկի կամ ապրիլյան պատերազմի ընդհանրական հաղթանակի անունը տրվեր Հառիճից դեպի տաճար տանող ճանապարհին: